Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն

Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի 
խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից նկատվող զգալի քայլերը դեպի խաղաղություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Սիյարտոն նախ ընդգծել է, որ իր արտգործնախարար նշանակվելուց ի վեր առաջին անգամն է, որ Հայաստանի դրոշը տեղադրվում է Հունգարիայի ԱԳ նախարարության շենքում:

Նա նկատել է, որ Կովկասյան տարածաշրջանը վերջին մի քանի տարիների և տասնամյակների ընթացքում ականատես է եղել հակամարտությունների, որոնք դժվարություններ և տառապանք են պատճառել տարածաշրջանի բնակիչներին:

«Մեր նպատակն ու խնդիրը միշտ եղել է խաղաղության սատարումը, նույն վերաբերում է նաև Կովկասի տարածաշրջանին: Այդ պատճառով էլ մենք ողջունում ենք և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը, որոնց ականատեսն ենք եղել, դեպի խաղաղություն, որպեսզի ապահովենք երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»,–ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հունգարիան այս դեպքում, ինչպես նաև տարածաշրջանի առումով կցանկանար նպաստել խաղաղապահ ջանքերին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան Բուդապեշտում է պաշտոնական այցով:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]